Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհ
/Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան/
1886-1955

Ռազմաքաղաքական կենսագրակնաrկ
Նվիրում եմ սեփական հավելանունն ու էությունն առավել, քան ովևէ, փոխհարազատած` Հավերժահած ու Սեպուհ1 Հայորդու – Արարչորդու երկրային ու միայն երկրային վախճանի կեսդարյա տարելիցին

Գարեգին Նժդեհի կենսագրությունն ինքնըստինքյան մի յուրօրինակ ու անօրինակ կիրառական գաղափարախոսություն է

Նժդեհականությունը ամենից առաջ և ամենից ավելի կենսակերպ է, հանուն ազգի և հանուր մարդկության ու մարդկայնության ապրելու, գործելու, ստեղծագործելու մաքրամաքուր բարոյական սկզբունք

Որպես պատմաքաղաքական վարդապետություն՝ ՝Նժդեհականությունն առաքելված է ճշգրտագույնս վերաիմաստավորելու անցյալը, լավագույնս բարեշրջելու ներկան և մարդասիրագույնս կանխագծելու ապագան:

Թե Սյունիքից չլսվեր քո մռունչը,
չէր լինի հայ, այն էլ` գեթ մեկ, Գարեգի՜ն…

աշուղ Հայրիկ Ղազարյանի երգից

Մեր պետականությունը պարտ է Գարեգին Նժդեհին:

Րաֆֆի Հովհաննիսյան

Բազմահանճար ռազմական, պետական, միջազգային հասարակական – քաղաքական գործիչ, ազգային հերոս-առաջնորդ, գաղափարախոս, փիլիսոփա, մարգարե, տեսանող, իմաստուն, հոգու և ոգու հավերժական արքա, դիվանագետ, հայոց բոլոր ժամանակաց թիվ 1 հրապարակախոս – ճարտասան, ռազմական տեսաբան և հոգեբան և պատմաբան…

Մտքի, գաղափարի, խոսքի և գործի եզակի բազմամիասնակիր («ասել է գրեթե ամեն ինչ. ամենակարևոր բաները ասել է». Սոս Սարգսյան): Անզուգական մահկանացու – անմահ/արար/ Մեսիա` այլընդայլո միսիաներով (բյուրաբազում առաքելություններով, այլև առաքինություններով), բոլոր, ինքնին սակավագյուտ, հոգևոր – քաղաքական հոգնաքանքարեղների ջոկում «միակ բարոյական հանճարը» (Գագիկ Գինոսյան):

Ծնվել է 1886թ. փետրվարի 1-ին (ըստ 1916թ. զինծառայողական ցուցակի), Ռուսաստանյան Կայսրության Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում:

1906-1907թթ. սովորել է նախ պահեստի սպաների Կնյաժևոյի, ապա Սոֆիայի ռազմական վարժարաններում (Բուլղարիա): 1907թ. վերադարձել է Կովկաս` Սեբաստացի Մուրադի հայդուկախմբի հետ Հայաստան անցնելու համար:

ՀՅԴ անդամ (1907-1921թթ., 1923-1937թթ., որոշ տվյալներով` հետմահու վերականգնված է ՀՅԴ շարքերում): Եղել և մնում է ՀՅԴ կուսակցության անմրցելի տեսաբանն ու ամենակեզ տրիբունը (ներառյալ 1938թ. կուսակցական արտաքսումից հետո):

Պարսկական հեղափոխության մասնակից/1907-08թթ./:

ՀՅԴ գործով արգելափակվել է ցարական բանտերում /1908-12թթ./:

1912-13թթ. բուլղարական բանակի կազմում մասնակցել է Օսմանյան կայսրության դեմ մղված Բալկանյան առաջին պատերազմին. 1912թ. հոկտեմբերից` Երկրորդ /հայկական/, 1912-ի դեկտեմբերից` բուլղարական (մակեդոնական) կամավորական վաշտերի մշտահաղթ հրամանատար:

Առաջին աշխարհամարտի մասնակից. հայկական կամավորական 5-րդ դրուժինայի /խմբի/ հրամանատարի օգնական/1914-16/, 2-րդ դրուժինայի /ներառյալ Արարատյան ջոկատի կազմում/ հրամանատարի օգնական /1915/, 1-ին դրուժինայի հրամանատարի օգնական/1916/, գեներալ Նազարբեկյանի ջոկատի անդամ/1916/, Ախալքալաքի կամավորական ջոկատի կազմակերպիչ /1917/, հայ-եզիդական զորամասի հիմնադիր հրամանատար/1917/, Կողբի /Սուրմալուի գավառ/ հայության փրկազորի պետ /1917/, Ալաջայի /Կարսի մարզ/ հաղթամարտերի ղեկավար /1918/:

Ընտրվել է Թիֆլիսում կայացած Հայոց ազգային համախորհրդակցության 228 պատգամավորներից մեկը (1917թ. աշուն) և ընդգրկվել «Ճակատի պահպանության և վտանգված վայրերի ապահովության» 15-անդամանոց հանձնաժողովում:

Ոչ միայն ազգաբախտորոշ, այլև համակովկասյան ու աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող Ղարաքիլիսայի ճակատամարտի կազմակերպիչ ու գլխադերակատար /1918թ. մայիս/:

Վեդիի թրքության ապստամբությունների ճնշիչ /1918/, Ագուլիսի ռազմամիլիցիոներական գումարտակի սպա /1919/, Գառնիի գումարտակի հրամանատար /1919/: Նախիջևանի գավառական կոմիսար /1918-19/: 1919թ. փրկել է նաև Դավալուի (այժմ` Արարատ գյուղ) և Վեդիի միջև պաշարված հայկական գունդը:

Սյունիք-Վայոց ձորի գոյապայքարի, Գողթանի /Նախիջևան/ և Լեռնային Արցախի ազատամարտերի առաջնորդ /1919-1921թթ./: Այս ընթացքում հիմնել ու ղեկավարել է հռչակավոր Դավիթբեկյան ուխտերը2 և դրանց մարտական միավորները` գայլախմբերը/գայլավաշտեր/, որոնք յուրատեսակ նախատիպն էին արդի ռազմաշխարհում լայն տարածում գտած արագ արձագանքման /ծավալման/ ուժերի:

Բազմաճակատ թշնամական հրոսակների դեմ հաջողությամբ կիրառել է մարտավարական բազմաթիվ նոր հնարքներ ու միջոցներ: 1920թ. մարտին գլխավորել է «Պատանակրաց արշավանքը» (Փոքր Կովկասի բարձրագույն` Կապուտջուղ լեռան վրայով զորանցումը Սյունիքից Նախիջևան, ինչը, աշխարհագրական բարձրությամբ, գերազանցում էր աշխարհափառ զորավարների /Հաննիբալ, Նապոլեոն, Սուվորով, Գարիբալդի/ ալպյան անցումները):

Ղափան-Գենվազ-Գողթան /Կապարգողթ/ միացյալ ռազմական ուժերի ընդհանուր հրամանատար/1919թ./: Ղափանի, Գենվազի, Գողթանի ու Բաղաբերդի ռազմական ուժերի դիկտատոր-հրամանատար/1920թ./:

Սպարապետ` Սյունյաց/1920թ./, Սյունիքի, Գողթանի և Վայոց ձորի/1921թ./, Լեռնահայաստանի/1921թ./, Հայաստանի/1921թ./:

Զինվորական կոչումները` պոդպորուչիկ/1907թ.. Բուլղարիա/, պորուչիկ/1915թ. Ռուսաստանյան Կայսրություն/, շտաբս-կապիտան /1919թ. ՀՀ/, կապիտան /1919թ. ՀՀ/, փոխգնդապետ/1920թ. ՀՀ/, գնդապետ/1920թ. ՀՀ/, զորավար /1921թ. ապրիլի 26. Լեռնահայաստան, «զորավարը» նաև ՀՀ ամենաբարձր ռազմակոչումն էր` «ինֆանտերիայի (հետևակազորի) կամ լրիվ գեներալ»/:

Ռազմաքաղաքական ԴԻԿՏԱՏՈՐ-ՍՊԱՐԱՊԵՏ-ԶՈՐԱՎԱՐ եռատիտղոսի միակ ասպետ: Եթե հաշվի առնենք, որ հիմնականում կամավորական ստորաբաժանումներով է պարտության մատնել շատ երկրների և տերությունների /Խորհրդային Ռուսաստան, անկախ և Խորհրդային Ադրբեջաններ, Թուրքիա, Խորհրդային Հայաստան (խնդիրներ են հարուցել անգամ ՀՀ իշխանությունները), Բրիտանական Կայսրություն/ բազմազգ («Մի ամբողջ Բաբելոն». Նժդեհ) կանոնավոր զորամասերի ու զորամիավորումների, դրանք ուղղորդող բարձրաստիճան զորականների,այն էլ` բազմահարյուրապատիկ նվազ թե՛ զինուժով, թե՛ կորուստներով,Նժդեհը փաստացի գերազանցել – վաստակազանցել է նույնիսկ գերագույն զինվորական` «գեներալիսսիմուս» կոչումը, որ բուն ռազմագործիչների ընտրափաղանգից սովորաբար շնորհվել է պատերազմի ժամանակ մի քանի, հաճախ դաշնային /միացյալ/ կանոնավոր բանակներ ղեկավարած զորապետերի:

Մարտադաշտերում վիրավորվել է առնվազն 4 անգամ:

Փետրվարյան ապստամբության կազմակերպիչներից /1920-21թթ./, Հայրենիքի /Հայաստանի/ փրկության կոմիտեի /1921թ./ անվանադիր:

Իր 1918-1921թթ. սխրագործունեության հանրագումարով Նժդեհը անբաղդատելի` ռահվիրայական /և ըստ արժանվույն չարժևորված/ ավանդ է ընդերել հայրենի պետականության վերականգնման, հայոց ներքոնշյալ բոլոր հանրապետությունների ստեղծման ու գոյատևման ակունքներում՝ առարկայաբար ստիպելով կատարելապես սրբագրելու հայոց (պետականության) նորագույն պատմության պարբերացումը.
1.Հայաստանի Հանրապետություն (1918թ. մայիսի 28-1920թ. նոյեմբերի 29 /դեկտեմբերի 2/): Մինչ այդ` վարչատարածք Անդրկովկասյան Դեմոկրատական Դաշնային Հանրապետության կազմում /1918թ. ապրիլի 22 – մայիսի 26. կառավարության 8 անդամներից 2-ը հայեր էին` ապագա ՀՀ վարչապետեր Ալեքսանդր Խատիսյանը և Հովհաննես Քաջազնունին/: Հիշարժան է է՛լ ավելի վաղ` իրապես և իրավապես առաջնագույնը3տարփողված, բայց հանիրավի մոռացության մատնվող «Թորգոմյան անկախությունը». տակավին տարեսկզբին Արևմտահայոց խորհրդի և զորավար Անդրանիկի ներկայացուցիչ գնդապետ Թորգոմը (Արշակ Երվանդյան) Կարինում (Էրզրում) գրավոր հայտարարությամբ հռչակել էր «Անկախ և Ազատ Հայաստան»` Կարին մայրաքաղաքով (1918թ. փետրվարի 12 – 26):
2. Ինքնիշխան Ղարաբաղ (Արցախ. 1918թ. հուլիսի 22 -1920թ. ապրիլի 30):
3. Կիլիկիայի Հանրապետություն («Ինքնավար Հայաստան». 1920թ. օգոստոսի 4-1921թ. հոկտեմբերի 20):
4.Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ 1920թ. նոյեմբերի 29 /դեկտեմբերի 2/ -1922թ. մարտի 12):
5. Անմիջականորեն Նժդեհի կերտած իրարահաջորդ Ինքնավար Սյունիք (ունեցել է «հանրապետական իրավակարգ». 1920թ. դեկտեմբերի 25-1921թ. ապրիլի 26. Ինքնավար Սյունիքի Սահմանադրությունը (ապա և Լեռնահայաստանի վերամշակվածը) հայոց գործող հանրապետության առաջին Սահմանադրությունն էր (հիմնական օրենքը) – Լեռնահայաստան (ներառել է Սյունիքը, Վայոց ձորը, Լեռնային Ղարաբաղը), որի 8-անձնյա և 10-նապաշտոն կառավարությունում նախարարապետն էր, արտաքին գործերի և զինվորական նախարարը. եզակի արտերևույթ համաշխարհային պատմության մեջ (1921թ. ապրիլի 26 – հունիսի 1) – Հայաստան (այլ հարց է, որ Նժդեհն ինքը դեմ էր այս վերանվանմանը. 1921թ. հունիսի 1 – հուլիսի 13. զինվորական նախարար): Հետայդու` ՀՀ /Հայ/ տարագիր կառավարություն. առանց Նժդեհի, բայց Նժդեհի շնորհիվ տարագրված /Թավրիզ.1921թ. հուլիսի 16-1923թ. մայիսի 19, 1921թ. հոկտեմբերի 12-ից` Կրճատ կառավարություն/: Նժդեհն, հակառակորդների իսկ խոստովանությամբ, «վերջին գեներալն էր», որ զենքը վայր դրեց «խորհրդային» հորջորջյալ վիթխարի աշխարհաշրջանի եվրոպական մասում ապազգայնաց(ն)ող բոլշևիկյան լևիաթանի առաջ, այն էլ` առավել ևս, իր վերջնագրային կուսակցանպաստ ու համազգաշահ նպատակների մի էական մասին հասնելուց և մյուս բոլորի էացմանը հասցնող մայրուղին բացելուց հետո: Բայց այս ամենն անգամ, որքան էլ երախտուրաց հնչի, չապահովագրեց Նժդեհին նույն Թավրիզում ՀՅԴ կուսակցական դատավարությամբ (1921թ. հուլիս-սեպտեմբեր) վճռվելիք, թող որ առժամանակյա, կախակայումից ու հեռացումից …
6. Հայկական ՍԽՀ [Անդրկովկասի /մեր աշխարհագրաքաղաքական հայացքով` Այսրկովկասի/ ՍԽՀ Դաշնային Միության /ԱՍԽՀԴՄ/ կազմում (1922թ. մարտի 12-դեկտեմբերի 13), Անդրկովկասյան Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության (ԱՍԴԽՀ) կազմում (1922թ. դեկտեմբերի 13-1936թ. դեկտեմբերի 5),նաև Հայկական ԽՍՀ` ԽՍՀՄ կազմում (1922թ. դեկտեմբերի 30-1990թ. օգոստոսի 23)], Հայաստանի Հանրապետություն` ԽՍՀՄ կազմում (1990թ. օգոստոսի 23-1991թ. սեպտեմբերի 23). ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշմամբ հռչակվել է ԼՂ-ի /ներառյալ ԼՂԻՄ-ի, Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանի, անլարի շրջանի Գետաշենի ենթաշրջանի/ և ՀԽՍՀ-ի վերամիավորումը /ԽՍՀՄ կազմում/:
7. Նախիջևանի Ինքնավար ԽՍՀ [ԽՍՀՄ և Ադրբեջանական ԽՍՀ կազմերում (1924թ. փետրվարի 9–1991թ. օգոստոսի 30), ԱՍԴԽՀ կազմում (1924թ. փետրվարի 9–1936թ. դեկտեմբերի 5)], Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն (Ադրբեջանական Հանրապետության կազմում` 1991թ. օգոստոսի 30-ից): Մինչ այդ` թրքամուսավաթական սվինների վրա բուսած Արաքսի Հանրապետություն կամ Հարավ-Արևմտյան Ադրբեջան /ներառել է և Շարուրը, Սուրմալուն, այլ հարատարածքներ. 1918թ. դեկտեմբեր – 1919թ. մայիս/, Նախիջևանի ՍԽՀ` ինքնավարության իրավունքով Ադրբեջանական ՍԽՀ կազմում /1920թ. հուլիսի 28-1923թ. փետրվար/, ԱՍԽՀԴՄ կազմում /1922թ. մարտի 12-դեկտեմբերի 13/, ԱՍԴԽՀ կազմում /1922թ. դեկտեմբերի 13-1923թ. փետրվար/, ԽՍՀՄ կազմում /1922թ. դեկտեմբերի 30-1923թ. փետրվար/, Նախիջևանի Ինքնավար Երկրամաս` Ադրբեջանական ՍԽՀ, ԱՍԴԽՀ, ԽՍՀՄ կազմերում /1923թ. փետրվար –1924թ. փետրվարի 9/:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ներառյալ վերոնշյալ Շահումյանի շրջանը և (թեկուզ արդեն բռնազավթված) Գետաշենի ենթաշրջանը. 1991թ. սեպտեմբերի 2-ից): Մինչ այդ` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ (ԼՂԻՄ)` Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ կազմերում /1923թ. հուլիսի 7-1988թ. հուլիսի 12/, ԱՍԴԽՀ կազմում /1923թ. հուլիսի 7-1936թ. դեկտեմբերի 5/, ԼՂԻՄ` ԽՍՀՄ կազմում /1988թ. հուլիսի 12-1989թ. դեկտեմբերի 1/:
9. Հայաստանի Հանրապետություն (1991թ. սեպտեմբերի 23-ից):
Շնորհիվ Նժդեհի գլխավորած Սյունիք-Արցախյան դյուցազնապատումի («Նոր դյուցազներգության /էպոսի/ արժանի». Վազգեն Կարախանյան)`
ա/ Սյունիքը և Վայոց ձորը մնացին Խորհրդային Հայաստանի կազմում.
բ/ պահպանվեց հայկական միութենական հանրապետությունը, և հնարավոր դարձավ իր հետագա անկախացումը.
գ/ սկզբունքորեն փրկվեցին Հայաստան-Արցախ- Նախիջևանի հարյուր հազարավոր հայ բնակիչներ, անմիջականորեն` հայ ռազմաքաղաքական և մտավորական ընտրանու հազարավոր ներկայացուցիչներ, այդ թվում` մոտ 4 հազար զորականներ.
դ/ Նախիջևանն ու Լեռնային Արցախի մի զգալի մասը ստացան ինքնավարություն` խորհրդային պետականության ձևի /ԽՍՀՄ/ իրավասուբյեկտությամբ.
ե/ Նախիջևանը մնաց նախկին ԽՍՀՄ սահմաններում` սրանից բխող հայաշահ հետևանքների և կարելիությունների ընձեռմամբ.
զ/ Լեռնային Արցախի համապատասխան հատվածի հայ ժողովուրդը իրավունք ու հնարավորություն նվաճեց ինքնորոշվելու և ստեղծելու ինքնիշխան պետություն.
է/ խափանվեցին Իրանական Ադրբեջանը զավթելու և «սոցիալիստական հեղափոխություն արտահանելու» (նաև Աֆղանստան, Հնդկաստան ու այլուր) «թրքաբոլշևիկյան» (Նժդեհ) առավել հեռամետ ծրագրերը.
ը/ հօդս ցնդեցին թյուրք ցեղախտիրների` պանթուրանական մետապետություն ստեղծելու նկրտումները: «Սա երախտիք է ոչ միայն հայ ժողովրդի առջև, այլև` Ռուսաստանի և ողջ հնդեվրոպական աշխարհի առջև: Եվ աշխարհն այդ երբևիցե կգնահատի դա ըստ պատշաճի», – այսպես է նժդեհյան մեծագործությունը կենսակարևորել ռուսական “ՀՏՊվօպ տՐՏրՑՏՐօ” պարբերականը /Սանկտ-Պետերբուրգ, 2002, թիվ 1 (51)/.
թ/ դրվեցին Հայ Դատի հետապնդման ու Հայկական Հարցի վճռման (հողահավաք – ազգահավաքի)՝ Հայկական Բարձրավանդակն ընդգրկող մեր ողջ բնօրրանում հայոց պետականության վերականգնման հիմքերը:

Հեղինակել է ռազմագիտական արժեքավոր երկեր` «Զինվորական մարզանք ու կանոնադրություն»/վաշտապետ Շերամի հետ, 1918թ./, «Խուստուփյան կանչեր» /1921թ./, «Լեռնահայաստանի գոյամարտը» /1923թ./, «Ռազմական խոհեր» և այլն:

Իր զինվորական հրամաններով և այլ գրություններով Նժդեհը ստեղծել է նոր` պաշտոնական հրապարակախոսության ժանր:

Ընդհանրացնելով սեփական վիթխարի իմացաբանական և մարտական փորձը` ազգանվեր արժեկողմնորոշումները՝ Նժդեհն արարել է չափանմուշային կարգի ռազմահայրենապաշտական կիրառագաղափարախոսություն՝ փոխլրացնող ճյուղերով /շարժումներ/. Ցեղակրոնություն /1932-34/ և Տարոնականություն /Հայկ Ասատրյանի, Ներսես Աստվածատուրյանի հետ /1937-38/:

Անհամեմատ ավելին՝ նժդեհյան կյանք=գործ=գաղափարախոսությունը, հիրավի, երրորդութենացնում է մի ինքնատիպ/ար/ կացութաձև-աշխարհագիտություն (հանրագիտություն) – փարոսային՝՝ փողամերժ ու նյութաշահազերծ արժեսանդուղք՝4 «առ Երկինք ու Բարձրյալ», որ, ըստ էության, ի զորու է գոհացնելու-սպառելու համընդհանուր բարօրանքի ու արդար հանրակարգի ձգտող անխտիր բոլոր անհատների ու ազգերի, դավանակիրների ու գաղափարակիրների, միով բանիվ՝ հասարակական կեցության ու գիտակցության բոլոր ենթակաների (սուբյեկտների) Արարչարժան ու Մարդարժան4 պահանջմունքների ողջ հարացույցը՝ մենիշխող (հ)ոգեղենությամբ, բացառապես այս համաբավարարումից ածանցելով երկրայի՛ն եդեմի հաշտ-համերաշխ ու, որ պակաս կարևոր չէ, նորորակ «աշտարակաշինությունը»…

1933թ. հունվարի 14-ին ԱՄՆ-ում ծնունդ առած Ցեղա- կրոն ուխտերը պատմականորեն կարճ ժամանակում վերընձյուղվեցին Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ քաղաքներում` նշանավորելով մեծագույն` Նժդեհյան հանգանակը սփյուռքահայոց ազգապահպանման գերխնդրում (այդ ուխտերի հիման վրա 1940թ. վերակազմավորված Հայ երիտասարդաց դաշնակցությունը անընդմեջ գործում է մինչև օրս):

Երկրորդ աշխարհամարտի շրջանում արգասալից գործունեություն է ծավալել հայ ազգի դեմ վարվող նացիստական քարոզչության վնասազերծման, Եվրոպայում հայկական գաղութների կազմակերպման, հայ ռազմագերիների և բյուրահազարավոր եվրոպահայերի, հայոց պետական կազմավորումների /ՀԽՍՀ, ՆԻԽՍՀ, ԼՂԻՄ/ անվտանգության ապահովման ասպարեզներում:

Գերմանիայում Հայկական լեգեոնի հիմնադիրներից, Վերմախտի կողմից պաշտոնապես ճանաչված գեներալ /1942/, Հայոց Ազգային խորհրդի անդամ /1942-1943/, խորհրդի «Ազատ Հայաստան» պաշտոնաթերթի փոխխմբագիր /1943/:

Տակավին նախապատերազմյան շրջանից ի վեր գաղափարակազմակերպական աշխատանքներ է ծավալել բռնազավթված Հայրենիքի փրկագործման ուղղությամբ: Ամեն(ք)- ից առաջ այս դրդապատճառով 1944թ. աշնանը Բուլղարիայում կամովին հանձնվել է խորհրդային զորքերի հատուկ ծառայություններին` տեղափոխվելով Մոսկվա: 1948թ. ապրիլի 24-ին դատապարտվել է 25-ամյա բանտարկության (պատժաժամկետի հաշվարկը` 1944թ. կալանման օրվանից):

Փաստորեն` ցմահ բռնադատված ստալինյան և անգամ հետստալինյան զնդաններում (1944-1955), – ևս մի եզակի պատմաիրողություն, – յուրովսանն ու ըստ հնարավորին օժանդակիչ – գործակից դարձնելով իրեն իսկ դատապատժած գաղափարաթշնամի պետաիշխանություններին` Նժդհը խորացրել է ու ձգտել աշխարհաքաղաքական նպաստաբերումով պարարտացյալ հողի վրա փոխադրել Արևմտահայաստանի ազատագրման համար Սփյուռքում «Հայկական իռեդենտա5» համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն հիմնելու ծրագիրը (1946թ.-ից):

Գարեգին Նժդեհը պարգևատրվել է Քաջության համար սպայական խաչով (Բուլղարիա), արժանացել կամ ներկայացվել սբ. Վլադիմիրի 3-րդ և Աննայի 4-րդ աստիճանի շքանշանների, Գեորգիյան տարաստիճան խաչերի (Ռուսաստանյան Կայսրություն), «ամենաբարձր քաջության շքանշանի» (Նժդեհ. ՀՀ), այնուհետ պարգևատրվել Ղափանի ժողովրդական ռազմական ուժերի շնորհած Պատվո սրով («Նժդեհը և Ղափանը անբաժան են ոգով». շնորհման արձանագրությունից), «Խուստուփյան արծիվ» երկաթե շքանշանով, 12 հազար հայ մայրերի կազմակերպության շնորհած Պատվո ոսկեզօծ թրով, Մակեդոնա – օդրինյան կամավորական կազմակերպության շքանշանով և այլն:

Հրաժարվել է Բուլղարիայի կառավարության նշանակած անվանական թոշակից:

Վախճանվել է 1955թ. դեկտեմբերի 21-ին, Ռուսաստանյան ԽԴՍՀ Վլադիմիր քաղաքի բանտում:

Ընդհանուր առմամբ` իր երկրային կյանքի պակաս քան 70 տարուց ավելի քան 41 տարին Նժդեհը, իբրև իր իսկ ընտրած ծածկանվանը խորհրդանշաբար ներդաշն տիեզերական – քաղաքական Սեպուհ աստանդական, հածել է Հայրենիքից արտաքս` 4 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա)` տասնյակ երկրներում, մոտ 15 տարի՝ հեծել ցարական ու խորհրդային բանտերում:

«Կատարյալ թիվ» հանդիսացող 28 տարի անց (1983թ. օգոստոս) Հայրենիք տեղափոխվելով (գաղափարի հեղինակ և կազմակերպիչ` պրոֆեսոր Վարագ Առաքելյան /1910-2001 թթ./, իրագործող` Պավլիկ Անանյան /ծնվ. 1941թ./)` Նժդեհի աճյունը վերաթաղվել է6 նրա իսկ ազատագրած մարզերում. աջ ճկույթը և մի ողը` Խուստուփ լեռան լանջին, Կոզնի աղբյուրի մոտ (1983թ. հոկտեմբերի 7, այժմ` Սյունիքի մարզ), մնացյալը` նախ Սպիտակավորի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում (1987թ. մայիսի 8, այժմ` Վայոց ձորի մարզ), սույն պատմադարձությունների ոգեղեն խորհրդով կարծեք նախակարապետելով և նախապատրաստելով 1988-ի համազգային վերածննդյան հեղաշարժումը, վերջին վայրից աջ բազուկը և մի քանի այլ նշխար` Սյունիքի մարզկենտրոն Կապանի Նժդեհյան հուշահամալիրում (2005թ. ապրիլի 26): Արդ` միակ սրբակերպ աշխարհիկն է աշխարհում, որի մասունքը երրորդված է …

Արցախյան պատերազմին գործուն մասնակցություն են ունեցել մի ամբողջ շարք կամավորական, այդ թվում` ուսանողական, «Գարեգին Նժդեհ» ջոկատներ` ձևավորված Երևանում, Արտաշատում, Արմավիրում, Կապանի շրջանում, Վանաձորում /«Նժդեհ-ԱԻՄ»/ և այլուրեք, միաբռնցքելով ՀՀ բազմաթիվ բնակավայրեր ներկայացնող ազատամարտիկների:

Վճռորոշ հաղթանակների տարում /1993թ./ ամենամեծ հայկական գյուղում /Վարդենիկ, ՀՀ Մարտունու շրջան/ ստեղծված «Գայլավաշտ» ջոկատը ևս նշանակալի մարտուղի է անցել: Նժդեհյան գաղափարախոսության հետևողությամբ` բուն Արցախում ինքնակազմակերպվել և ռազմաճակատի զանազան հատվածներում նվաճված հաղթանակներին նպաստ են բերել «Ցեղակրոն» կամավորական ջոկատի անդամները:

Նժդեհյան գաղափարադրույթներով են առաջնորդվում/-վել/ (գոնե իրենց ծրագրային փաստաթղթերում) «Հայ դատ» հասարակական կազմակերպությունը և դրա քաղաքական թևը` Ազգային վերածննդի կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Ցեղապաշտական կուսակցությունը, «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցությունը, Հայ Արիական Միաբանությունը, «Հայ ազգայնականության ճակատ» ռազմաքաղաքական կազմակերպությունը /Ստեփանակերտ, 1990-93թթ.. մարտական թևը վերոնշյալ «Ցեղակրոն» ջոկատն էր/, ԼՂՀ Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը, Հայոց ազգային բանակը (ՀԱԲ), Անկախության բանակը,Ղարաբաղի ազատագրության բանակը, Ազգային միասնության ուխտը, Նախիջևանահայոց ազգային խորհուրդը, «Նախիջևան» հայրենակցական միությունը, «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպությունը, Ազգայնական ակումբը, «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, «Օրրան սպարապետանց» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը (Կապան), «Հայհավաք» ու «Մեծ Հայաստան» կուսակցությունները, «Հանուն հայրենիքի» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը և այլն:

Նժդեհի քարոզած ու մարմնացրած ազգային ու համամարդկային արժեքների, ռազմահայրենապաշտական պատվիրանների և համապարփակ ավանդի ամրահենքի վրա են խարսխվում (կամ, համենայն դեպս, պետք է ամբողջովի՛ն խարսխվեն) գաղափարադաստիարակչական աշխատանքներն ու ՀՊՊ (հասարակական-պետական պատրաստության) գծով պարապմունքները ՀՀ ԶՈւ, ներառյալ ԼՂՀ ՊԲ, անձնակազմերում:

2000թ.-ին Երևանում ստեղծվել է «Գարեգին Նժդեհ» հիմնադրամ:

2001թ.-ին, պետական մակարդակով, ՀՀ-ում և նժդեհյան /հ/ոգեղեն ու հողեղեն ժառանգաբաժին կազմող ԼՂՀ ազատագրյալ Քաշաթաղի շրջանում տոնանշվել է Գարեգին Նժդեհի ծննդյան 115-ամյակը:

Գարեգին Նժդեհի անունով են կոչվում փողոցներ, հրապարակներ ՀՀ-ում, ԼՂՀ-ում և այլուրեք, Երևանի Մետրոպոլիտենի կայարաններից մեկը, Երևանի թիվ 161 և Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի միջնակարգ դպրոցները (2001թ.-ից), Մեղրու զորամասը (2001թ.-ից): Այս և այլ ազգային զորամասերում լույս են տեսել և տեսնում նրա անվամբ ու ոգով վերտառված պարբերաթերթեր:

Մեծամեծն Նժդեհի անմար հիշատակն են նվիրագործում տասնյակ հուշարձաններ և հուշատախտակներ ՀՀ-ում, ԼՂՀ-ում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում՝ մեծագույն մասամբ կերտված տեղաբնակ ժողովրդի միջոցներով:

Սահմանվել են «Գարեգին Նժդեհ» մեդալ7 (ՀՀ ՊՆ կողմից, 2001), «Լեռնահայաստանի արծիվ» հուշամեդալ («Սյունյաց արծիվներ» ԵՀԿ, 2003թ.), Գարեգին Նժդեհի անվան հուշամեդալ (ք. Երևան, Շենգավիթի թաղապետարան, 2001թ.), «Լեռնահայաստան. Գարեգին Նժդեհ» մեդալ (Սյունիքի մարզպետարան, 2004թ.), ՀՀ և ԼՂՀ ռազմաուսումնական հաստատությունների համար` Գարեգին Նժդեհի անվան կրթաթոշակ /2005թ.-ից/:

Կա Տիգրան, կա Վարդան, կա Անդրանիկ, կա Դրո,
և բազում ուրիշ հերոսներ կան,
կան և Նարեկ/ացի/, Թումանյան,
կա Կոմիտաս, կա Չարենց,
և այլ լուսատուներ կան, կլինեն…. սակայն
Գարեգին Նժդեհն է անկաս Առաջնորդը մեր հարատև կռվի
և անհաս Արարատը մեր նոր ոգորման…
/Քրիստափորի և Չարենցի ոճամոտիվներով/

***
Աստվածաշնչյան Արարատի, հանց «Աստվածամարտիկ և ազգերի ազատարար» մեծարվող Հայկ Նահապետի ու Նրա անվանադրած բոլոր Հայքերի, Մաշտոցի ու նրա գյուտով անկապտելիորեն ու բազմիմաստորեն փոխմիավորյալ Աստվածային գրերի հետ Գարեգին Նժդեհն ամբողջացնում է հավիտենական Հայարժույթների և Արժութակիրների սրբազնասուրբ Հինգերորդությունը

Գարեգին Ղազարյան

1 Գարեգին Տեր – Հարությունյանի շնորհիվ գերհատուկ դարձած «Նժդեհ» հասարակ գոյականը նշանակում է ոչ միայն «պանդուխտ, թափառական», այլև` «սեպուհ` պայազատ` իշխանազուն» (ըստ հայդատամարտիկ Վարուժան Կարապետյանի):
2 Առաջին ուխտյալ առողջ/արար/ ազգայնական ուժերը (որակական և քանակական համեմատությունների համար շեշտենք, որ հետագայում ա(յ)նչափ հակամարդկային համախտանիշեր դրսևորած ազգայնամոլ` ֆաշիստական ուժերն հիմնվել են երեք տարի անց` 1922թ., Իտալիայում):
3 Անկարելի է բնուրույն մի խորհուրդ չտեսնել այն հանապազորդող վաղնջափաստում, որ Հայոց և Հայաստանյայց անվանադիր Հայկ Նահապետի անմիջանախնու (իմա` հոր) անունը Թորգոմ էր …
4 Այս առումով համաշխարհիս ո՞ր մի՝ այնքան աշխարհիկ ու վերաշխարհիկ, այնպես չնաշխարհիկ ու տարաշխարհիկ գործիչ-քարոզիչն է ապաշխարել, մեղա՜, մեղա՜, դերԱստծու գերլիազորությամբ Ոսկե հորթն ու Մամոնային նույն աշխարհի շալակն ելցրած ցարդի փոքրատառյալ մարդկության չափանիշով բնավ չգործած… մեղքի համար. «Ռոճիկ չեմ ստացել ողջ կյանքում: Այդ սկզբունքի դեմ մեղանչել եմ մի անգամ՝ Ամերիկայում, ուր ընդունեցի, որ ինձ իբրև գործիչի շաբաթական տրվի: Մեղանչեցի և արդարորեն պատժվեցի: Այդ օրեն մարդկային տմարդությունը ստվերիս պես հետևեց ինձ՝ ամենուրեք»:
5 Բառացի` չմիացած հող (իտալերեն):
6 Արևելյան Եվրոպայում առաջին նման պատմափաստը (դեռևս նախքան սոցհամակարգի փլուզումը) և, ընդհանրապես, այս արևի տակ աննախադեպ-անհետադեպ անթեղումը (վերաթաղումը), որ կատարվել է հակառակ իրավասու (այն էլ` ԽՍՀՄ-ի պես հզոր) պետության քաղաքական կամքի և իշխող վարչակարգի գաղափարաբանության:
7 2003-2004թթ. «Բաց նամակով» առաջարկություններ եմ ուղղել «Հայոց աշխարհի հոգևոր և աշխարհիկ իշխանություններին», ի շարս այլոց, պետականորեն հիմնելու՝
ա) «Գարեգին Նժդեհ» Ա,Բ, Գ,Դ, աստիճանների շքանշաններ՝ դրանց լրիվ ասպետի իրավունքները հավասարեցնելով Հայաստանի ազգային հերոսի և Արցախի հերոսի համատեղ կարգավիճակին.
բ) Գարեգին Նժդեհի անվան «Մարդկայնության, Ոգու և Արարման» համաշխարհային մրցանակ՝ շնորհելով միայն նահանջ տարիներին, անկախ ազգությունից, դավանանքից, մասնագիտական ոլորտից և այլն, մարդկությանն իրոք առավելագույն նպաստ բերած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (մրցանակային հիմնադրամը՝ առնվազն 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով).
գ) «Մեծ գեներալիսսիմուս-սպայապետի» գերագույն զինվորական կոչում՝ բացառիկ կարգով շնորհելով Գարեգին Նժդեհին և՝ միայն.
դ) Նժդեհականության օր. ապրիլի 26-ին (Լեռնահայաստանի հռչակման օրը)՝ ի հակակշիռ ապրիլի 24-ի, ինչպես նաև, որ ամենաէականն է, Նժդեհականությունն արմատավորելու աշխարհասփյուռ հայության բովանդակ կրթադաստիարակչական և պետածառայողական համակարգերում:

***
Երևանում հրատարակության են պատրաստվում գրքեր բոլոր ժամանակների և բոլոր երկրների հայազգի գեներալների (զորավարների, խաների, փաշաների և այլ համարժեք կոչումնակիրների), մարշալների (վեզիրների, սփահդարների և համակոչում այլոց), գեներալիսսիմուսների, ծովակալների, ուժային կառույցների ղեկավարների, ինչպես նաև հերոսների մասին:
Խնդրում ենք ռազմակենսագրական տեղեկություններ տրամադրել (ծննդյան /մահվան/ թվականները, վայրերը, համապատասխան կոչումների ու պաշտոնների ստացման թվականները և այլն) ներքոթվարկյալ անձանց, հատկապես` հանրության համար նորահայտ կամ քիչ ծանոթ հայերի, վերաբերյալ` ըստ հնարավորին նշելով տեղեկատվության աղբյուրները.
1. ցամաքային, ծովային և օդային զինված ուժերում բարձրագույն սպայական կոչման (բոլոր աստիճանների և բոլոր զորատեսակների գծով) արժանացածներ.
2. համապատասխան պատվավոր կոչումներ ստացածներ (կազակային զորքերի և սկաուտական տարաստիճան գեներալներ, պատվավոր ծովակալներ, մարշալներ ու գեներալներ և այլք).
3.ուժային նախարարությունների (գերատեսչությունների) ղեկավարներ`
-զինված ուժերի գլխավոր հրամանատարներ (միապետեր, նախագահներ, վարչապետեր, ԶՈՒ գլխավոր շտաբների պետեր, գլխավոր կամ գեներալ – կոմիսարներ և այլք).
-պաշտպանության, պատերազմական, զինվորական նախարարներ, զինվորական գործերի /կառա/վարիչներ.
-ներքին գործերի նախարարներ (/կառա/վարիչներ), ոստիկանությունների (գաղտնի ոստիկանությունների) պետեր.
-անվտանգության (հատուկ) ծառայությունների (հետախուզություն, հակահետախուզություն և այլն) պետեր, ռազամականացված այլ կառույցների (ֆինանսական և հարկային ոստիկանություն, մաքսային մարմիններ, արդարադատություն, բնապահպանություն և այլն) ղեկավարներ.
-արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարներ.
-այլ ուժային կառույցների ղեկավարներ (օրինակ` վառոդապետեր Օսմանյան կայսրությունում, Իրանում, Աֆղանստանում և այլք):
4.սպարապետեր.
5.տիեզերագնացներ (աստղագնացներ).
6.տվյալ երկրի անվտանգության ապահովման, պաշտպանության, այլ հատուկ կամ բացառիկ ծառայությունների համար հերոսի կամ այլ բարձրագույն պարգևի (կոչման) արժանացածներ.
7.վերոգրյալ 1-6-րդ կետերում նշված անձինք, որոնց մայրն է հայ.
8.վերոգրյալ 1-6-րդ կետերում նշված անձինք, որոնց հայկական ծագումը թեական է, կամ ովքեր ունեն հեռավոր հայ նախնիներ:

Գրքերում հատուկ շնորհակալությամբ հականե – հանվանե կմատնանշվեն հիշյալ հայազգի երախտավորների ցանկի ամբողջացման գործում նախանձախնդիր այն անձինք, ովքեր գիտաղբյուրային պատշաճ հիմնավորմամբ կտրամադրեն թեկուզ մեկ նոր անուն (թվարկված ութ տարակարգերից որևէ մեկի գծով) կամ արժեքավոր այլ թարմ տեղեկատվություն:
Մեր հաղորդակցային տվյալներն են`
khachmeruk@mail.com,
khachmerouk@web.am
ֆաքս (37410) 26 – 66 – 73,
հեռ. (37410) 26 – 66 – 78, (37410) 28 – 39 – 15, (37410) 63 – 59 – 05,
(37410) 54 – 75 – 35, (37491) 41 – 47 – 29

«Հայ Արիներ» Թիվ 67, 68, դեկտեմբեր 2005թ.

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 30 other followers

%d bloggers like this: